17 նոյեմբերի 2009 - 19:29 AMT
Հայաստանում վերացնելու են ուսանողական կրթաթոշակները
«2010թ. բյուջեում գիտության ոլորտում կրճատումներ չեն լինելու, սակայն ժողովրդագրական հարցերի պատճառով բյուջետային հատկացումներից պահումներ կկատարվեն, ինչը ոչ մի կերպ չի անդրադառնա կրթական համակարգի վրա»,- նոյեմբերի 17-ին կայացած «Ուսանողն այսօր» համաժողովում հայտնեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, Կրթության նախարարությունը մտադիր է վերացնել ամենամսյա ուսանողական կրթաթոշակների հանձնումը:

«Ամենամսյա ուսանողական կրթաթոշակը սկսած 1990-ականներից, 5 հազ. դրամ, այն էլ գերազանցիկների համար: Դա այնքան փոքր գումար է, որ հնարավորություն չի տալիս հոգալու ուսանողի որեւէ կարիքներ: Համապատասխանաբար, Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրի համաձայն, այդ գումարը կուղղվի ուսանողական վարկային հիմնադրամի ձեւավորմանը: Այսինքն գումարը կներդրվի ուսանողական վարկերի մեջ: Այդ վարկերը կարող են հասանալի լինել ուսանողների լայն շրջանակի համար»,- պարզաբանեց Արմեն Աշոտյանը:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը խոստացավ ուսանողներին ներկայացնել ուսանողական վարկերի մեխանիզմների մշակված ծրագիրը` դեռեւս նախագծի տեսքով, եւ ուսանողների հետ քննարկել ծրագրին առնչվող հարցեր: