17 նոյեմբերի 2009 - 20:34 AMT
ՀՅԴ-ն առաջարկեց վերահսկել 2008 թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի որոշումների կատարումը
Նոյեմբերի 17-ին ՀՀ Աժ նիստի ժամանակ ՀՅԴ խմբավորման պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը նախատեսում է ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով` 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի զեկուցման մեջ արված առաջարկությունների կատարման մոնիտորինգի համար:

Մինասյանը նշեց, որ այս հանձնաժողովը երեք ամիսը մեկ անգամ հասարակությանը պետք է ներկայացնի լիարժեք տեղեկատվություն 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման գործընթացի մասին: Նա նաեւ ավելացրեց, որ հանձնաժողովի աշխատանքներում կարող են մասնակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, արտախորհրդարանական քաղաքական ուժերը եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները:

Այս առաջարկությանը դեմ էր Հայաստանի հանրապետական կուսակցության(ՀՀԿ) խորհրդարանական խմբավորման ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ մոնիտորինգի մասին հանձնաժողովի գաղափարը լավն է, բայց առանձին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել այդ մեկ հարցի համար` նպատակահարմար չէ: «Այդ աշխատանքը հանգիստ կարելի է հանձնարարել խորհրդարանական ուրիշ մշտական հանձնաժողովների», - ընդգծեց Սահակյանը: