17 նոյեմբերի 2009 - 21:09 AMT
ՀՅԴ 27 օրինագծերից 10-ը ստացել են ՀՀ կառավարության ժխտական եզրակացությունը
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նիստում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ՀՅԴ-ի ներկայացրած 27 օրինագծերից 10-ը ստացել են ՀՀ կառավարության ժխտական եզրակացությունը:
Ըստ Հովհաննիսյանի, այդ 10 օրինագծերի թվում կային նաեւ նրանք, որոնք ուղղակիորեն վերաբերում էին հայ ազգի ինքնությանը եւ որպես օրինակ բերել է ՀՀ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Նա նաեւ նշել է, որ ՀՅԴ-ն առաջարկել է լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որով քրեական պատիժ է սահմանվում այն անձանց հանդեպ, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության կատարման փաստը: «Մենք ինքներս ետ կանչեցինք այդ օրինագիծը, քանի որ չէինք ցանկանում, որ այն քննարկվի խորհրդարանում, ունենալով կառավարության բացասական եզրակացությունը»,-ասել է Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի, վերջին քննարկումները հանձնաժողովում ցույց տվեցին, որ կառավարության բացասական վերաբերմունքն այդ առաջարկին պայմանավորված է առաջիկայում պատմական հարցերով հայ-թուրքական ենթահանձնաժողովի ստեղծմամբ: «Հայաստանի մասնակցությունն այդ ենթահանձնաժողովին հնարավորություն չի տալիս իր քաղաքականությունն ուղղորդել, ելնելով հայ ժողովրդի շահերից»,-պարզաբանել է Վահան Հովհաննիսյանը: