18 նոյեմբերի 2009 - 16:39 AMT
Ռիչարդ Արմիտաջ. Թուրքիան կարող է միաժամանակ ԱՄՆ-ի եւ Իրանի բարեկամը լինել
ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ռիչարդ Արմիտաջը մեղմացրեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման շուրջ առաջացած լարվածությունը: Նա համոզմունք հայտնեց, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից Թուրքիան ընդունակ է լուծել այդ հարցը: «Կան շատ Իրանի հետ կապված հարցեր, եւ այդ հարցերի մեծ մասը վերաբերում են նաեւ այն հարցին, թե արդյոք Թուրքիան կկարողանա միաժամանակ ԱՄՆ-ի եւ Իրանի բարեկամը լինել: Իմ պատասխանն է` այո»,- Անկարայում հայտնեց Արմիտաջը Ամերիկա-թուրքական խորհրդի (ԱԹԽ) նախագահ Բրենտ Սքոուքրոֆտի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Նրա խոսքով, ԱՄՆ համար բարեկամական հարաբերությունները կարող են տհաճ լինել Անկարայի համար եւ հակառակը: «Դա նորմալ երեւույթ է: Կարծում եմ` Իրանի հարցում Անկարան գիտի, թե ինչ է անում»,- նկատեց ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը:

Բրենտ Սքոուքրոֆտն իր հերթին նշեց, որ Իրանի միջուկային ծրագիրը չի նպաստելու տարածաշրջանային կայունությանը: «Մենք չենք փորձում ավերել Իրանը, մենք ջանում ենք նրան ինտեգրել որպես տարածաշրջանային արդյունավետ խաղացող»,- ասաց ԱԹԽ նախագահը:

Անդրադառնալով թուրք-իսրայելյան հարաբերություններին` Ռիչարդ Արմիտաջն ասաց, որ Թուրքիայի ու Իսրայելի միջեւ լարվածությունը ժամանակավոր է, գրում է թուրքական Today's Zaman թերթը: