18 նոյեմբերի 2009 - 16:52 AMT
Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների համագործակցության արդյունքում կզարգանան տնտեսական հարաբերությունները
Նոյեմբերի 17-ին Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դոուելին: Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ համագործակցությունը, միաժամանակ նշելով Հայաստանի եւ Բելգիայի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ խորհրդարանների համագործակցությունը:

Բելգիայի խորհրդարանի նախագահը երկկողմ համագործակցության համատեքստում կարեւորել է 2009 թ. հուլիսին ստորագրված ռեադմիսիայի մասին պայմանագիրը եւ ավանդական տնտեսական համագործակցության շարունակականությունը: Կողմերը եկան այն եզրակացության, որ երկրների խորհրդարանների համագործակցությունը կնպաստի Հայաստանի եւ Բելգիայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Դոուելի խնդրանքով, Բելգիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում առկա տնտեսական վիճակը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները:
Ադոնցն անդրադարձել է 2010 թ. Բելգիայի ԵՄ նախագահության շրջանում Հարավային Կովկասի տարածաշրջանը որպես առաջնային դիտարկելու կարեւորությանը: Ներկայացնելով «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրականացման ընթացքը, դեսպանը նշել է ԵՄ անդամ պետությունների եւ հատկապես նախագահող երկրի աջակցության կարեւորությունը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների եւ ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացները սկսելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը: