18 նոյեմբերի 2009 - 18:18 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կրկին հայտարարեց ղարաբաղյան կարգավորմանը Թուրքիայի միջնորդության անհնարության մասին
Թուրքիան չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինել: Այդ մասին, ելույթ ունենալով նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ կառավարական ժամի ընթացքում եւ պատասխանելով ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Հրայր Կարապետյանի հարցին, հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«ԵԱՀԿ ՄԽ վերջերս կայացած նիստին թուրք ներկայացուցչի մասնակցությունը նորմալ երեւույթ է, քանի որ Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ անդամ է, ինչպես եւ մյուս երկրները: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալու Անկարայի ձգտմանը, ապա դա բացառված է, քանի որ ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն, ոչ միջազգային հանրությունը նման բան թույլ չեն տա»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Անդրադառնալով Անկարայի չարաշահումներին ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելու հարցում` Էդվարդ Նալբանդյանը նման հայտարարությունները բնական անվանեց: «Բայց ո՞վ թույլ կտա այդ երկու գործընթացների կապակցումը: Ոչ մեկը: Ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն եւ ոչ էլ միջազգային հանրությունը, որը բազմիցս հայտարարել է, որ այդ գործընթացները կապված չեն միմյանց հետ»,- ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը: