18 նոյեմբերի 2009 - 18:40 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ն բացահայտել է Էլհան Պոլուխովի զեղծարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ մամլո-քարտուղար Էլխան Պոլուխովը հերթական ճիգերն արեց` ղարաբաղյան կողմին ներկայացնելու աննպաստ լույսի ներքո, այս անգամ պնդելով, որ հայերի կողմից ավերվել է ադրբեջանական գերեզմանատուն: Այս մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ:

«Անմիջապես նշենք, որ չնմանվելով մեր հարեւաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս մեթոդներով ոչնչացնում են իրենց կողմից վերահսկվող տարածքների հայկական կոթողները, ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի առաջին իսկ օրից իրենց պահպանության տակ են վերցրել ԼՂՀ տարածքի բոլոր մահմեդական հուշարձանները, այդ թվում` ադրբեջանական գերեզմանատները, եւ ասվածի մեջ համոզվելու հնարավորություն է ընձեռվել Լեռնային Ղարաբաղ այցելած ինչպես բազմաթիվ միջազգային, այնպես էլ ադրբեջանական պատվիրակությունների»,-ասվում է փաստաթղթում:

«Ինչ վերաբերում է, իբր, հայերի կողմից ադրբեջանական գերեզմանատան ավերումը վկայող լուսանկարներին, ապա անզեն աչքով իսկ երեւում է, որ նշված գերեզմանատան որոշակի ավերումներ կատարվել են իր իսկ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում իրականացված մարտական գործողությունների հետեւանքով: Ահա հենց այդ է փորձում շահարկել Պոլուխովը: Ցավոք, արդեն վաղուց է, ինչ կեղծիքն ու սուտը դարձել են ադրբեջանական քարոզչամեքենայի գործելաոճը: Բոլորի հիշողության մեջ թարմ է մնում, թե ինչպես էր Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը, որը գտնվում է Ալիեւների ընտանիքի բարձր հովանու ներքո, փորձում Կոսովոյում արված լուսանկարները ներկայացնել իբրեւ Խոջալուի դեպքեր»,-ասվում է մեկնաբանության մեջ:

«Պոլուխովի հայտարարությունները կարելի է գնահատել որպես մի փորձ` ստվեր նետելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա եւ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի իշխանությունների կողմից պարբերաբար կազմակերպվող վանդալիզմից, մասնավորապես, ավտոմայրուղու շինարարության պատրվակով Բաքվում գտնվող առավելապես հայկական` Նարիմանովի գերեզմանատան ավերումից, կամ էլ օրը ցերեկով Նախիջեւանի Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումից, որտեղ մարտական գործողություններ չեն եղել:

Ի հավաստումն վերոնշյալի, մեջբերենք մի քաղվածք ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի կողմից կրոնական ազատությունների մասին վերջերս հրապարակված միջազգային հաշվետվությունից.«Էթնիկ հայերի նկատմամբ թշնամանքը նրանց մեծամասնությանը ստիպել է լքել երկիրը 1988-1990 թ.թ. ընթացքում, եւ բոլոր հայկական եկեղեցիները, որոնցից շատերն ավերվել են ազգային հողի վրա /ավելի քան տասնյակ տարիներ առաջ/ զանգվածային անկարգությունների ժամանակ, մնում են փակ»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ: