18 նոյեմբերի 2009 - 20:00 AMT
Երեւանում տեղի կունենա «Նոր Երուսաղեմներ» ժողովածուի շնորհանդեսը
Նոյեմբերի 19-ին Հայաստանի Ազգային ակադեմիայում տեղի կունենա առաջատար ռուս եւ արտերկրի հետազոտողների հոդվածներից բաղկացած «Նոր Երուսաղեմներ. Սրբազան տարածքների մեհենագրությունն ու պատկերագրությունը» ժողովածուն` Ալեքսանդր Լիդովի խմբագրությամբ: Շնորհանդեսն անցնում է Ռոսհամագործակցության եւ ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, այդ գիրք-ժողովածուն Արեւելյան քրիստոնեական մշակույթի բովանդակային հիմքերի ուսումնասիրության մեծ ծրագրի մի մասն է կազմում: Հեղինակները հետազոտում են մշակույթի եւ արվեստի երեւույթները քրիստոնեության առաջին դարերից մինչեւ նոր ժամանակները: Գլխավոր ուշադրությունը հատկացվում է միջնադարի հուշարձաններին, իսկ Բյուզանդիայի եւ Հին Ռուսաստանի փորձը համադրվում է արեւմտաեվրոպական պրակտիկայի հետ: Ամենուր «Նոր Երուսաղեմների» ստեղծումը դիտարկվում է որպես հոգեւոր կյանքի հիմնարար ձեւ եւ ողջ գեղարվեստական մշակույթի առանցք, որը միավորում է ստեղծագործության տարբեր տեսակները:

Ալեքսեյ Լիդովը ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ է, Մոսկվայի Արեւելյան քրիստոնեական մշակույթի գիտկենտրոնի ղեկավար, պատմաբան ու արվեստաբան, բյուզանդագետ, շուրջ 80 գիտական աշխատությունների հեղինակ, Արեւելյան քրիստոնեկան մշակույթին նվիրված գիտական նախագծերի ղեկավար: Լիդովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ է, աշխատել է աշխարհի խոշորագույն համալսարաններում եւ գիտական կենտրոններում: Նա նախաձեռնել է «Քրիստոնեական սրբությունները» գիտամշակութային համալիր ծրագրի մշակումը, որի շրջանակներում անց են կացվում ցուցահանդեսներ, միջազգային կոնֆերանսներ, հրատարակվում են գրքեր: