18 նոյեմբերի 2009 - 21:14 AMT
ՀՀ գլխավոր դատախազությունը գտնում է, որ խուսափել է պետբյուջե վճարել 371 միլիոն դրամ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում լսվում է առանձնապես խոշոր չափերի հարկ մուծելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հիմնավորված է համարել 371 միլիոն դրամ հարկային պատասխանատվությունից խուսափելու համար«Սագլ» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Մարկոսյանին առաջադրված մեղադրանքը:

Նախաքննության տվյալներով Ս. Մարկոսյանը 2006-2008թթ. ընթացքում թվով 15 տնտեսվարող սուբյեկտների մատակարարել է տարաբնույթ նյութեր եւ ապրանքներ: Սակայն խախտելով «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների պահանջները` հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել: Այն է ` արհեստականորեն մեծացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերման գումարները, իսկ իրացման շրջանառությունը (հասույթ) պակաս է ցույց տվել` չարամտորեն խուսափելով պետբյուջե վճարել առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր առմամբ 371 702 700 դրամ ԱԱՀ-ի եւ շահութահարկի գումարները:

Ս. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը: