21 նոյեմբերի 2009 - 15:25 AMT
Ռուսաստանին մերժել են Թուրքիայում ԱԷԿ կառուցելու հարցում
Թուրքիայում չեղյալ է հայտարարվել առաջին ատոմային էլեկտրոկայանի (ԱԷԿ) կառուցման համար տենդեր անցկացնելու մասին որոշումը: Այդ մասին հայտնեց թուրքական Tetas ընկերությունը:

«Որոշումը միաձայն է ընդունվել, հղում անելով համաձայնագրի այն կետին, որն առանց պատճառների բացատրության նման գործողություններ է թույլատրում»,- գրում է Hurriyet Daily News-ը:

Իրադարձությունների նման զարգացման հնարավորության մասին հայտնեց Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Որոշման պատճառը կապված է Թուրքիայի Պետխորհրդի դիրքորոշման հետ, որը վետո է դրել պայմանագրի այն կետերի վրա, որոնք վերաբերում էին ԱԷԿ տեղին (կայանը ծրագրվում էր տեղակայել Մերսին նահանգում) եւ դրա արտադրած էլեկտրաէներգիայի գներին:

Մերսինում կայանի կառուցման համար տենդերը հայտարարվել էր 2008թ. մարտին, մրցույթի բոլոր փուլերն անցել էր ռուս-թուրքական համատեղ կոնսորցիումը, որին մասնակցում էին «Ատոմստրոյէքսպորտը», «Ռուսաստանի Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» եւ թուրքական Teknik Park-ը:

20 տարի շարունակ Թուրքիան մտադրվում է երեք ԱԷԿ կառուցել, որոնք կկարողանան հատուցել երկրում էլեկտրաէներգիայի կարիքի 20%: Փորձագետները գտնում են, որ արդեն 2012-ին Թուրքիայի էներգոհամակարգը քայքայման եզրին կհայտնվի առանց գեներացիայի համար $3-5 մլրդ ներդրման: