21 նոյեմբերի 2009 - 17:13 AMT
Երեւանում անցկացվում է «Կրթություն - զարգացում` համագործակցությամբ» խորհրդաժողովը
Երեւանում նոյեմբերի 20-21-ին անցկացվում է «Կրթություն - զարգացում` համագործակցությամբ» խորհրդաժողովը, որի կազմակերպիչը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն է:

«ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մինչ օրս ներգրավված չէ կրթական ծրագրերում, որոնք իրականացնում են միջազգային կազմակերպությունները: Մեր նպատակն է` միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ ստեղծել կրթական նոր ծրագրեր եւ կրթական համակարգն ավելի արդյունավետ եւ հասանելի դարձնել ավելի լայն շրջանակների համար, այսինքն` կրթության բնագավառում բարեփոխումների մեջ ընդլայնել համագործակցությունը, շնորհիվ շահագրգիռ կազմակերպությունների ներուժի ներդրման», - խորհրդաժողովին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը :

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, Հայաստանի ԱԺ պատգամավորները, ՀՀ նախարարությունների , ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները, ինչպես նաեւ կրթական ծրագրերի զարգացմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու Հայաստանի հասարակական կազմակերպությունները: