23 նոյեմբերի 2009 - 12:51 AMT
Երեւանում մեկնարկել է Fruitfull talent Armenia 2009-ը հինգերորդ համաժողովը
Նոյեմբերի 23-ին Երեւանում մեկնարկել է Fruitfull talent Armenia 2009-ը հինգերորդ համաժողովը, որին մասնակցում են ինչպես տեղի, այնպես էլ գյուղատնտեսության միջազգային մասնագետներ, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, փոքր ու միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներ եւ շահագրգիռ կողմեր

Համաժողովը, որն անցնում է այս տարի, տարբերվում է նրանով, որ ուղղված է երիտասարդ տաղանդների հայտնաբերմանը, ինչպես տեղաբնակների, այնպես էլ արտերկրի հայերի շրջանում:

Fruitfull talent Armenia 2009-ը կարեւոր նշանակություն ունի ՀՀ գյուղատնտեսության զարգացման համար: Անհրաժեշտ է, որ ինովացիոն գաղափարները կիրառություն ունենան այս ոլորտում»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով ողջույնի խոսքով: Ըստ նրա, ինովացիոն գաղափարները կօգնեն փոքր ֆերմերային տնտեսություններին մշակել զարգացման ռազմավարություն եւ չկորցնել իր մրցակցային առավելությունները խոշոր գյուղտնտեսությունների կողքին: «Ես հուսով եմ, որ այստեղ գաղափարներ կհնչեն այն մասին, թե ինչպես զարգացնենք գյուղական տնտեսությունները Հայաստանում»,-ասել է վարչապետը:

Տ.Սարգսյանը հավելել է նաեւ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ համատեղ Հայաստանը իրականացնում է «Ջրից` շուկա» ծրագիրը, որի շրջանակներում կբարելավվի ոչ միայն Հայաստանի մարզերի ոռոգման համակարգը, այլ նաեւ կբարձրանա գյուղի բնակիչների կենսամակարդակը ջրի գրագետ օգտագործման հարցում:

Բացի այդ, ըստ վարչապետի, կառավարության կարեւոր խնդիրներից մեկն է ենթակառուցվածքների զարգացումը, եւ այդ համատեքստում բոլոր մարզերի հավասարաչափ զարգացումը, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել գյուղացիների տրանսպորտային ծախսերը եւ թույլ կտա առավել արդյունավետ զարգացնել երկրի տնետսությունն ընդհանուր առմամբ:

Fruitfull talent անկախ ոչ կոմերցիոն նախագիծը հիմնվեց 2005թ., նրա նպատակն է ապահովել գյուղացիական տնտեսությունների զարգացումը` գյուղական համայնքների զարգացման խթանման եւ գյուղատնտեսության կայուն զարգացման հեռանկարների ընդլայնման միջոցով:

Ամենամյա Fruitfull talent համաժողովը կազմակերպվում եւ ֆինանսավորվում է արգենտինացի գործարար, «Կորպորոսյոն Ամերիկա» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից եւ անցնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, այլ կառավարական մարմինների ու միջազգային կառույցների հովանու ներքո: