23 նոյեմբերի 2009 - 16:45 AMT
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ակտիվ երկխոսություն է ընթանում
Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հաճախակի հանդիպումները խոսում են այն մասին, որ երկրների միջեւ ակտիվ երկխոսություն է ընթանում, բայց առայժմ այն ակնկալվող արդյունքը չի տալիս: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց արտաքին հարաբերությունների գծով ԼՂՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքով, հայ հասարակայնությունն առանձնապես ոգեւորված չէ Մադրիդյան սկզբունքներով, հնարավոր է, հենց դա է պատճառը, որ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում արդյունքի հասնել:

Նա մեկնաբանեց նաեւ նախքան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Իլհամ Ալիեւի սպառնալիքները երկու երկրների միջեւ նոր պատերազմի սկսվելու մասին` ասելով, որ հանդիպումից հետո Ալիեւը դժվար թե իրեն ապագայում նման հայտարարություններ թույլ կտա:

Նոյեմբերի 22-ին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին Մյունխենում: Ընթացիկ տարվա ընթացքում սա նախագահների արդեն վեցերորդ հանդիպումն է: