23 նոյեմբերի 2009 - 18:09 AMT
Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանի հայտարարություններն իրենց սպառել են»
«Ես չեմ հասկանում` ի՞նչ առաջընթացի մասին կաելի է խոսել, եթե Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 4-ժամյա զրույցից հետո կողմերը բավարարվել են ընդամենը հայտարարությամբ, որի մեջ ոչ մի հիմնավոր բան ասված չէ», - PanARMENIAN.Net-ի լրագրողի հետ զրույցի ընթացքում ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը :

Ալավերդյանի խոսքերի համաձայն, միակ առաջընթացն այն է, որ երկու երկրների հանդիպումները շարունակվում են, որոնք նույնիսկ բանակցություններ համարել չի կարելի: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ իսկական բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ դրանց կմասնակցի Արցախը», - ընդգծեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:

Նա նաեւ ընդգծեց, որ նախագահների 4- ժամյա հանդիպումից հետո աղոտ հայտարարությունը խոսում է կողմերի միջեւ չլուծված հարցերի առկայության մասին:

Խոսելով Ղարաբաղյան հարցը տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունների մասին, Ալավերդյանն ընդգծեց, որ դրանք արդեն սպառել են իրենց: Ալավերդյանը գտնում է, որ արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանի ԱԳ նախարարությունը հանդես գա միջազգային նորմերի սահմաններում հստակ ձեւակերպված իրավական ծրարով, որով հայկական կողմը միջազգային հանրությանը ցույց կտա, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածքում չի ձեւավորվել եւ կբարձրացնի Ադրբեջանից 400 հազ. հայ փախստականների հարցը: «Պետք է միշտ հիշել, որ միջազգային իրավական դաշտում հայերի դիրքերն ավելի ուժեղ են, քան Ադրբեջանինը», - ընդգծել է Լարիսա Ալավերդյանը: