24 նոյեմբերի 2009 - 11:58 AMT
Նիկոլայ Բորդյուժա. Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամ է
Երեւանում կլոր սեղանի ձեւաչափով իր աշխատանք է սկսել «ՀԱՊԿ-ն որպես կայունության եւ անվտանգության գործոն Կովկասի տարածաշրջանում» խորագրով նիստը: Միջոցառմանը մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, «ՀԱՊԿ ինստիտուտ» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպության մասնագետները, քաղաքագետներ, փորձագետներ, Հայաստանի քաղաքական հետազոտությունների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:

«Այս կլոր սեղանի անցկացման նպատակն է ստանալ քաղաքագետների, փորձագետների կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները, արդի սպառնալիքների դեմ պայքարում լրացուցիչ քայլեր ձեռնարկելու համար: Սա առաջին խորհրդաժողովն է նման ձեւաչափով եւ այն անցնում է Հայաստանում, քանի որ նա ՀԱՊԿ ակտիվ անդամ է»,-բացելով նիստը, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա հիշեցրել է, որ հենց Հայաստանի նախագահության օրոք ստեղծվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերը:

Կլոր սեղանը կազմակերպել է Հայաստանում ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական խորհուրդը, ՀԱՊԿ քարտուղարությունը եւ «ՀԱՊԿ ինստիտուտը»: