24 նոյեմբերի 2009 - 13:59 AMT
Ադրբեջանի նախագահը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Մյունխենում կայացած հանդիպումը պետք է դիտարկել Իլհամ Ալիեւի հայտարարությունների ֆոնի վրա, որը նա արել էր հանդիպումից մի քանի օր առաջ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար եւ ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահի սպառնալիքները չի կարելի անտեսել:

«Ես հուսով եմ, որ նախագահների հանդիպումը սկսվել է Ալիեւի ռազմաշունչ հայտարարությունների քննարկումով, եւ որ նրան հստակ ասվել է, որ եթե նա շարունակի նման հայտարարություններ անել, ապա բանակցային գործընթացը կդադարեցվի»,-ասել է Մանոյանը: Ընդ որում նա նշել է, որ Սարգսյանի ու Ալիեւի հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձեցին մեղմել իրավիճակը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններն այն մասին, թե բանակցային գործընթացում կա զգալի առաջընթաց, պատասխան էր Ալիեւի սպառնալիքներին»,-ասել է Հայ դատի ղեկավարը:

«Եթե Ադրբեջանը գոնե 50 տոկոսով վստահ լիներ, որ կհաղթի այդ պատերազմում, նա վաղուց արդեն կաներ դա»,-ասել է Մանոյանը` հավելելով, որ իր հայտարարություններով Ալիեւը կարող է հայտնվել սեփական ծուղակում, քանի որ տրամադրում է իր ժողովրդին պատերազմի, ինչի արդյունքում նա ստիպված կլինի սկսել այն:

«Ցավոք, հայկական կողմը համարժեք պատասխան չտվեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններին»,-ասել է Կ.Մանոյանը: