24 նոյեմբերի 2009 - 17:10 AMT
Էդվարդ Նալբանդյանը Հայաստան է հրավիրել արքեպիսկոպոս Դոմինիք Մամբերտիին
Հռոմում գտնվելու ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Վատիկան, ուր հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիք Մամբերտիի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Վատիկանի արտաքին քաղաքականության պատասխանատուն գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Վատիկանի, ինչպես նաեւ Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնեցին, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ դրանք առավել կամրապնդվեն:

Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Մամբերտին հանգամանալից զրույց ունեցան միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների, Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի, ինչպես նաեւ ս.թ. դեկտեմբերի սկզբին Աթենքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին քննարկվելիք հարցերի շուրջ:
Հայաստանի արտգործնախարարը Վատիկանի իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: