24 նոյեմբերի 2009 - 18:16 AMT
Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պարգեւատրել է Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ողջունելով հյուրին, Սերժ Սարգսյանն ասել է, որ այս հանդիպումն առաջինն է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը փոխանցելուց եւ նոր ժամանակահատվածում գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի նշանակվելուց հետո:

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը բարձր է գնահատել կողմերի միջեւ համագործակցությունը, նշելով, որ վերջին ժամանակահատվածում լուրջ աշխատանք է կատարվել: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ առաջին անգամ բանավոր ընդունված որոշումը ոչ այնքան երկար ժամանակահատվածում վեր է ածվել փաստաթղթի, ստեղծվել են հավաքական անվտանգության արագ արձագանքման ուժեր(ՀԱԱԱՈՒ):

«Համոզված եմ, որ մոտակա ժամանակներում մենք կավարտենք նորմատիվ ակտերի փաթեթի մշակումը, եւ մեր կազմակերպությունը կդառնա անդամ երկրների անվտանգությունն առավել ապահովող կառույց` ՀԱՊԿ», - ասաց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային` օպերատիվ եւ արդյունավետ աշխատանքի համար` նշելով, որ այդ կապակցությամբ հրամանագիր է ստորագրել նրան Հայաստանի պետական բարձր պարգեւով` Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:
Պարգեւատրման համար շնորհակալություն հայտնելով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ այն դիտարկում է որպես ավանս ու կանի ամեն ինչ, որպեսզի կազմակերպության աշխատանքներն իրականացվեն ավելի ակտիվ, իսկ հարցերը լուծվեն ավելի օպերատիվ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: