24 նոյեմբերի 2009 - 19:24 AMT
«Ժառանգությունը» ազատագրված տարածքների հարցի նույնիսկ քննարկումն անթույլատրելի է համարում
«Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Մյունխենում կայացած հանդիպումը ես կասկածներ էի հայտնել առաջընթացի վերաբերյալ, ինչն էլ տեղի ունեցավ»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի, կուսակցությունն այդ հանդիպումից ակնկալիքներ չուներ, քանի որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն միաժամանակ երկու գործընթաց վարել` հայ-թուրքական կարգավորումը եւ ղարաբաղյան գործընթացը: Նա նշել է, որ երկրի հիմնական ջանքերն այժմ ուղղված են Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, որից հետո միայն հնարավոր կլինի կազմել Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ վերջնական փաստաթուղթը:

Ա.Մարտիրոսյանը նշել է, որ ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններում ԼՂՀ կարգավիճակից բացի, քննարկվել է նաեւ ազատագրված տարածքների եւ Լաչինի միջանցքի խնդիրը: «Մեր կուսակցության համար, ազատագրված տարածքների հարցի նույնիսկ քննարկումն անթույլատրելի է համարում, քանի որ նրանք Լեռնային Ղարաբաղի անբաժան մասն են կազմում եւ նրանց ճակատագիրը պետք է լուծի այդ երկրի ղեկավարությունը»,-ասել է պատգամավորը:

Պատասխանելով լրագրողիՍարգսյան-Ալիեւ բանակցություններում քննարկվող հարցերի հավաստիության եւ աղբյուրների մասին հարցին` Մարտիրոսյանն ասել է, որ կոնկրետ փաստեր չունի: «Սակայն մեր հանդիպումներն այն մարդկանց հետ, որոնք մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին, ինչպես նաեւ ՀՀԿ-ի մեր գործընկերների հայտարարությունները թույլ են տալիս մեզ նման եզրակացության գալ»,-ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը: