25 նոյեմբերի 2009 - 15:43 AMT
Ղարաբաղյան կարգավորման հարցում Ղազախստանը չեզոք դիրքորոշում ունի
ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանակներում Ղազախստանը չի միջամտելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խնդիրների կարգավորմանը, բայց անհրաժեշտության դեպքում կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլատ Ալիմբաեւը: Նրա խոսքով, սխալ պատկերացում է ձեւավորվել այն մասին, որ Ղազախստանը ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումն է զբաղեցրել:

«Մենք չեզոք ու անաչառ դիրքորոշում ունենք ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: Այդ հակամարտության կարգավորման ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ մեր նախագահության ընթացքում մենք կստեղծենք բոլոր պայմաններն այդ կառույցի լիարժեք աշխատանքի համար»,- ասաց Նուրբոլատ Ալիմբաեւը:

Ինչ վերաբերում է Բաքվի ռազմատենչ հայտարարություններին, ղազախ դիվանագետը հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները: