25 նոյեմբերի 2009 - 18:28 AMT
Վյաչեսլավ Կովալենկո. «ՀայՌուսգազարդի» գործունեությունը հայ-ռուսական համագործակցության դրսեւորումն է
Այսօր «ՀայՌուսգազարդ» վարչական համալիր է այցելել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, հանդիպել ընկերության աշխատակազմի հետ:

Ողջունելով հյուրին - շնորհակալություն հայտնելով հրավերքն ընդունելու համար, «ՀայՌուսգազարդ» Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հանգամանալի ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ֆինանսատնտեսական ցուցանիշները, նշել, որ ընկերությունն այսօր առաջատար է կանոնադրական կապիտալի, ակտիվների եւ հիմնական միջոցների մեծությամբ: Վերջին տարիների ներդրումային փաթեթը կազմում է ավելի քան 750 մլն ԱՄՆ դոլար, հիմնական ներդրումներն ուղղված են գազէներգետիկ ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշորագույն ծրագրերին` Իրան-Հայաստան գազատարի շինարարությանն ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացմանը:

Կ.Կարապետյանի խոսքով, ընկերության առջեւ դրված խնդիրներներից է բիզնեսի դիվերսիֆիկացումն ու դինամիկ զարգացումը, իսկ ռազմավարական նպատակը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն դառնալն է, քանի որ առկա ներուժը լուրջ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում ներգրավելու համար:

Իր գոհունակությունը հայտնելով հանդիպումից, ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նշել է, որ երկկողմ շահագրգռություն կա ավելի ամրապնդելու հայ-ռուսական համագործակցությունը բոլոր ուղղություններով, եւ առաջին հերթին տնտեսական ու էներգետիկ ոլորտներում: «ՀայՌուսգազարդ»-ի գործունեությունը այդ համագործակցության լավագույն դրսեւորումներից մեկն է: