26 նոյեմբերի 2009 - 22:17 AMT
ՀՀ կառավարությունը մտադիր չէ խախտել հավասարության սկզբունքը սփյուռքահայերի միջեւ Հայաստան այցելության ժամանակ
Նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի օրենսդրական նախաձեռնությունն է` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է գործադիրի բացասական եզրակացությանը:

Հայաստանի կառավարությունը գտնում է, որ օրինագծի ընդունման դեպքում կխախտվի բոլոր սփյուռքահայերի եւ մասնավորապես վիրահայերի հավասարության սկզբունքն ընդհանրապես, այն ոչ միայն չի նպաստի Ջավախքի հայաթափման տեմպերի թուլացմանը, այլեւ, ընդհակառակը, կարող է ունենալ հակառակ ազդեցություն եւ Ջավախքի հայաթափման պատճառ դառնալ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, նա առաջարկել է ազատել Ջավախքի ու Քվեմո Քարթլիի հայերին ՀՀ տարածքում գտնվելու համար 90-օրվա ապրելու իրավունք ստանալու անհրաժեշտությունից:

«Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության բացասական եզրակացության փաստարկներին, թե, իբր, դա չի նպաստի Ջավախքի հայաթափման տեմպերի թուլացմանը, դա կառավարության կողմից Ջավախքի խնդիրների չիմացության պատկերավոր օրինակ է»,-ասել է Թորոսյանը: