26 նոյեմբերի 2009 - 22:24 AMT
Բելգիայում նշել են Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակը
Նոյեմբերի 25-ին Բելգիայի ֆլամանական Գենտ քաղաքի համալսարանում, որտեղ ուսանել է Դանիել Վարուժանը, տեղի է ունեցել հայ ականավոր դասականի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում :

Համալսարանի գրադարանում, որտեղ փակցված է Դանիել Վարուժանի հուշատախտակը, ուսանողներին, հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանի դեսպանին ողջույնի խոսքով դիմել է գրադարանի տնօրեն դոկտոր Պետենգհեմը՝ շեշտելով ազգային գրականության դերը համամարդկային արժեքների ձեւավորման ընթացքում: Գենտի հայկական բարեգործական դպրոցի տնօրեն էլիզա Ատաջյանը ներկայացրել է դասականի ճակատագիրը:

Դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու, համընդհանուր եվրոպական արժեքների համակարգում հայ գրականության տիտանին ընկալելու - գնահատելու համար:

Միջոցառումը շարունակել են Գենտի հայկական դպրոցի աշակերտները Դանիել Վարուժանի ստեղծագործությունների ընթերցանությամբ:

Միջոցառումը կազմակերպել էին Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը եւ Գենտի «ԷԱԿ» հայկական բարեգործական կազմակերպությունը: