27 նոյեմբերի 2009 - 11:43 AMT
Դիարբեքիրի գավառում տեղադրվել են ճանապարհային նշաններ քրդերեն լեզվով
Դիարբեքիր քաղաքի արվարձաններում հայտնվել են բնակավայրերի անվանումներով ցուցատախտակներ երկու լեզուներով` թուրքերեն եւ քրդերեն: Նախաձեռնությունը Դիարբեքիրի տեղական իշխանություններինն է, որոնք վերահսկվում են Ժողովրդավարական հանրության կուսակցության կողմից, որը քրդերի շահերը ներկայացնող հիմնական քաղաքական ուժն է: Այնուամենայնիվ, քաղաքի սահմաններում պահպանվել են միայն թուրքերեն լեզվով ցուցատախտակները:

Քրդական բնակավայրերի օրիգինալ անվանումների մասնակի վերականգնումը դարձավ Էրդողանի կառավարության «ժողովրդավարական նախաձեռնության» ծրագրի կետերից մեկը, որով ենթադրվում է որոշ քաղաքացիական իրավունքներ տալ քրդերին: Թուրքական անվանումները տրվել են մի քանի տասնյակ տարի առաջ, սակայն մինչ այժմ կիրառելի չեն բնակչության շրջանում: Այժմ քրդերը կարող են օգտագործել իրենց քաղաքների ու գյուղերի անվանումները, ինչպես նաեւ X, Q W տառերով սկսվող իրենց անունները, որոնք կան իրենց այբուբենում, սակայն բացակայում են թուրքականում: Սակայն հասարակական-քաղաքական ոլորտում քրդերենի օգտագործման արգելքը պահպանվում է:

Քրդերենով ցուցատախտակների դեմ հանդես եկան ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես Դենիզ Բայկալի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, գրում է «Հյուրիեթ դեյլի նյուսը»:

1984թ. Քրդական աշխատավորական կուսակցությունն (PKK) առաջին ռազմական գործողությունը կատարեց Թուրքիայի տարածքում: Ինքնավարության ձգտող քրդերի եւ թուրքերի միջեւ բախումներում շուրջ 40 հազար մարդ է զոհվել: