27 նոյեմբերի 2009 - 14:41 AMT
ՀԴԿ-ն կոչ է անում Երեւանին հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը
Հայկական կողմը պետք է հայեցակարգային փոփոխություններ կատարի ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Ադրբեջանական կողմը անընդհատ խոսում է 7 շրջանների մասին, իսկ Հայաստանն ասում է, թե այժմ քննարկվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ինչպես հայտնի է, այսօր բանակցությունների սեղանին են Մադրիդյան սկզբունքները եւ եթե այժմ քննարկվում է կարգավիճակի հարցը, ապա նշանակում է, որ մյուս բոլոր հարցերն արդեն լուծված են»,-ասել է կուսակցության ղեկավարը: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ռազմատենչ հայտարարություններից հետո, Հայաստանը պետք է կասեցներ բանակցությունները եւ սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականին:

Ինչպես նշել է Արամ Սարգսյանը, չճանաչելով Ղարաբաղի անկախությունը` պաշտոնական Երեւանն այդպես էլ չկարողացավ միջազգային հանրությանը ներկայացնել ղարաբաղյան հակամարտության բուն էությունը: Ըստ նրա, Հայաստանը լռում է, երբ Բաքուն նրան ագրեսոր է անվանում: «Մենք պետք է հայտարարենք, որ Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները փոխհատուցում են 500 հազար հայ փախստականների համար»,-ասել է ՀԴԿ նախագահը:

Նա կոչ է արել պաշտոնական Երեւանին հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, ճանաչել Ղարաբաղի անկախությունը եւ որոշել նրա վերջնական կարգավիճակը: