27 նոյեմբերի 2009 - 14:53 AMT
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Shimizu (Շիմիզու) կորպորացիայի ղեկավարների հետ
Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Shimizu (Շիմիզու) կորպորացիայի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ կորպորացիայի ղեկավարության հետ:

Հանդիպմանը քննարկվեցին կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանում ներդրվում են բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ:

Նոյեմբերի 26-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամներին` դեսպան Սուիմա Էդամուրայի (Հայաստանում Ճապոնիայի առաջին դեսպան) գլխավորությամբ:

Անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ճապոնական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ասոցիացիայի անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին Տոկիոյում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի կառավարության մտադրության կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեցին ամենայն աջակցություն ցուցաբերել դեսպանության գործունեությանը:

Նոյեմբերի 27-ին ավարտելով այցելությունը Ճապոնիա` Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Երեւան, հաղորդել է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը: