27 նոյեմբերի 2009 - 16:40 AMT
«Ամերիաբանկը» 15 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին
«Ամերիաբանկը» 15 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին նոյեմբերի 26-ին կայացած հեռուստամարաթոնի ընթացքում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Այսպիսով, Բանկն իր ներդրումն արեց Հիմնադրամի առաքելության հիմքը հանդիսացող համազգային նախագծերի իրականացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկն« ու նրա բաժնետերերը պատասխանատվություն են կրում Հայաստանի եւ ԼՂՀ հասարակական եւ տնտեսական կյանքի զարգացման համար: Բանկի եւ նրա ներդնողների արժեքներից են Հայաստանի մշակութային ժառանգության վերականգնմանը նպաստելու եւր բնակչության նյութապես անապահով շերտերին աջակցելու նպատակները:

Այդ առումով Բանկը շատ է կարեւորում իր համագործակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որի աջակցությամբ Բանկը կարողանում է իրականացնել իր կողմից որդեգրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մի մասը:

2008թ. Բանկն առաջին քայլերը ձեռնարկեց այդ ուղղությամբ` մշակելով գործունեության ռազմավարություն, որն ուղղված է ինչպես ազգի, այդպես էլ առանձին սոցիալական միավորների բարեկեցությանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992թ.: Հիմնադրամի հիմնական նպատակն է համազգային նախագծերի իրականացումը եւ Հայաստանի ու ԼՂՀ ենթակառուցվածքների զարգացումը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որը տրամադրում է բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: