28 նոյեմբերի 2009 - 16:46 AMT
ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բնագավառում Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց
«Օրինաց երկիր» (ՕԵԿ) եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունները (ՀՀԿ) միշտ համագործակցել են եւ Հայաստանին վերաբերող հարցերում նրանց դիրքորոշումները միշտ համընկել են: Այս մասին ՀՀԿ 12-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Անդրադառնալով ՀՀ-ում նախագահական հետընտրական իրադարձություններին, նա նշել է, որ հատկապես ՕԵԿ եւ ՀՀԿ ուժերի շնորհիվ է հաջողվել խուսափել մեծ արյունահեղությունից:

Երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանը վերջին երկու տարվա ընթացքում առաջընթաց է գրանցել ինչպես եվրաինտեգրման, այնպես էլ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բնագավառում:

Բաղդասարյանը նաեւ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը:

ՀՀ ԱԱԽ-ի քարտուղարն ընդգծել է նաեւ, որ չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, Հայաստանի կառավարությանը հաջողվել է եկող տարվա համար նախաձեռնել մի շարք խոշոր նախագծեր, դրանցից են` Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, ինչպես նաեւ նոր ատոմակայանի կառուցումը: