28 նոյեմբերի 2009 - 17:56 AMT
Լեհաստանը պատրաստ է օգնել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում
Լեհաստանը շահագրգռված է Կովկասում իր դերի ակտիվացման հարցում: Այդ մասին այսօր Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը: «Հայաստանը մեր ամենակարեւոր գործընկերներից մեկն է, եւ մենք կցանկանայինք, որպեսզի ավելանար նաեւ հայկական ներկայությունը Լեհաստանում»,- ասաց լեհ նախարարը:

Նա հաղորդեց, որ Հայաստանում անցկացված հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման ու խորացման հարցեր: Բոգդան Կլիխի խոսքով, Լեհաստանը պատրաստ է եվրաինտեգրման գործընթացում Հայաստանի հետ կիսվել իր փորձառությամբ: «Ժամանակն է ամրապնդելու Հայաստանի ու ԵՄ միջեւ քաղաքական հաղորդակցությունը: Լեհաստանը ցանկանում է աջակցել այդ գործընթացին: Արդեն 5 տարի է, ինչ մենք ԵՄ անդամ ենք եւ գիտենք, թե ինչպես վարել բանակցությունները Բրյուսելի հետ»,- ընդգծեց լեհ նախարարը: