1 դեկտեմբերի 2009 - 20:20 AMT
Եվրահանձնաժողովը ողջունում է Լիսաբոնի համաձայնագրի ուժի մեջ մտնելու փաստը
«Լիսաբոնի համաձայնագիրն» այսօր ուժի մեջ է մտնում: Ինչպես նշված է PanARMENIAN.Net -ին ուղարկված Եվրահանձնաժողովի մամլո հաղորդագրության մեջ, այդ առիթով Պորտուգալիայի մայրաքաղաքում անցկացվում է հանդիսավոր արարողություն, որը կազմակերպել են Պորտուգալիայի կառավարությունը, Եվրահանձնաժողովը եւ Շվեդիայի` որպես ԵՄ նախագահությունը:

«Ես ուրախ եմ, որ Լիսաբոնի համաձայնագիրը մեզ տրամադրում է այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն են տալիս ճիշտ գործելու եւ մեր էներգիան կենտրոնացնելու այն հարցերի լուծմանը, որոնք կարեւոր են մեր քաղաքացիների համար», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզոն:
Լիսաբոնի համաձայնագիրը լրացնում է ԵՄ եւ Եվրահանձնաժողովի արդեն գոյություն ունեցող համաձայնագրերը: Այն Եվրամիությանը կտա իրավական հիմք եւ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապագա մարտահրավերներին դիմակայելու համար: