2 դեկտեմբերի 2009 - 13:22 AMT
Մահմուդ Ահմադինեժադ. Ռուսաստանը հստակ պատկերացում չունի աշխարհում այսօր տիրող իրավիճակի մասին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քննադատել է Ռուսաստանին այն բանի համար, որ Մոսկվան սատարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւին Իրանի վերաբերյալ: «ՌԴ-ն հստակ պատկերացում չունի աշխարհում այսօրվա իրավիճակի մասին: Ռուաստանին, եւ այլ երկրներին, այդ թվում Լեհաստանին, Գերմանիային, Ֆրանսիային ուր Մեծ Բրիտանիային չի հաջողվի ստիպել Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Նա նաեւ բացառել է ռազմական գործողությունների հնարավորությունը Իրանի դեմ: «Յուրաքանչյուր մատ, որ կփորձի քաշել ձգանը, կանդամահատվի»,-հայտարարել է Իրանի նախագահը` նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի նախազգուշացումները Թեհրանի հետ որոշ արեւմտյան երկրների համագործակցության դադարեցման մասին ուղղակի ծիծաղելի են, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը, որը դատապարտում է Թեհրանին Կում քաղաքի մոտ ուրանի հարստացման երկրորդ գործարանի կառուցման համար: Այն ընդունվել է նոյեմբերի 27-ին Վիեննայում` ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում: