2 դեկտեմբերի 2009 - 18:58 AMT
Հայաստանը պատրաստ է ապահովել ԼՂՀ անվտանգությունը
Այն փաստը, որ Հայաստանը, Ադրբեջանն ու ԵԱՀԿ ՄԽ միասին հայտարարեցին ԵԱՀԿ Հելսինկյան Խարտիայի երեք հայտնի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ բանակցությունները շարունակելու վճռականության մասին, խոսում է այն մասին, որ հակամարտության լուծման գործընթացը շարժվում է 2008թ. դեկտեմբերին Հելսինկիում ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ ներկայացված ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքով, կարելի է արձանագրել, որ բանակցային գործընթացը շարունակվում է Մադրիդյան եւ վերամշակված Կրակովյան սկզբունքների շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մերձեցնելու նպատակով: «Դա դրական ֆոնի վկայությունն է, որն ակնկալում է ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության լուծման գործում»,- ասաց նա:

Դրա հետ մեկտեղ Սաֆարյանը նշեց, որ հայկական կողմը չի կարող միաժամանակ արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ադրբեջանցի դիվանագետների հայտարարությունները տարբերվում են վերջին օրերս ակտիվացած ռազմատենչ ճարտասանությունից, որը հնչում է Բաքվում: «Եթե անգամ այդ հայտարարությունները կատարվում են ներքին օգտագործման եւ սեփական այսպես կոչված սկզբունքային դիրքերի ներկայացման համար, ապա մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ադրբեջանը շարունակելու է Թուրքիայի օգնությամբ միակողմանի շահ փնտրել բանակցային գործընթացում: Այդ առիթով ցանկանում եմ հիշեցնել Հայաստանի կոալիցիոն իշխանության վճռականությունը խաղաղ լուծման որոնումների շուրջ բանակցությունները շարունակելու եւ Հայաստանի ու ԼՂՀ անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հաստատելու հարցում` դրա համար հատկացնելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,- ընդգծեց Արամ Սաֆարյանը: