3 դեկտեմբերի 2009 - 17:11 AMT
Արմավիրի մարզում կարանտին կհայտարարվի խաղողի այգիներում ֆիլոքսերա հիվանդության տարածման կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքում կարանտին կհայտարարվի խաղողի այգիներում ֆիլոքսերա հիվանդության տարածման կապակցությամբ: Այս որոշումն ընդունվել է 2009թ. դեկտեմբերի 3-ին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը դիմել էր կառավարությանը` խնդրելով 12,6 մլն դրամ հատկացնել կարանտինի միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Այդ առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այդ խնդրի լուծման համար արդեն հատկացվել էր 30 մլն դրամ` խաղողը գնելու եւ ոչնչացնելու նպատակով: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են ծախսվել այդ միջոցները: Նախարարը պատասխանել է, որ կարանտինի աշխատանքները հետաձգվել էին բերքահավաքի պատճառով:

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Գ.Ալավերդյանին 2 օրվա ընթացքում ճշտել անհրաժեշտ ծախսերի քանակը ֆինանսների նախարարի հետ եւ մշակել խնդրի լուծման ծրագիր:

Ավելի վաղ, ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտարարել էր, որ ֆիլոքսերայի դեմ պայքարելու եւ խաղողի այգիները Հայաստանում պահպանելու համար կպահանջվի 600 մլն դոլար եւ 5 տարի:

Խաղողի ֆիլոքսերան (Viteus vitifolii) ամերիկյան ծագում ունեցող միջատ է, որն իր հայրենիքում վնասակար հատկություններ չուներ, սակայն ընկնելով Եվրոպա դարձավ վնասատու: Սկզբում այն հայտնվեց Ֆրանսիայում եւ ոչնչացրեց այդ երկրի խաղողի տնտեսությունները: Այնուհետեւ տարածվեց դեպի արեւելք: 30 տարում այն ոչնչացրել է շուրջ 6 մլն հեկտար խաղողի այգիներ: