4 դեկտեմբերի 2009 - 18:48 AMT
Հայաստանում պայքարելու են պոլիէթիլենային տոպրակների դեմ
Հայաստանի մանուկների հիմնադրամը եւ Էյչ-Էս-Բի-Սիի Հայաստան բանկը իրականացնելու են «Շրջակա միջավայրի պահպանություն եւ կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում» նոր ծրագիրը: Համագործակցությունն իրականացվում է հիմնադրամի ՀՀ Գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի եւ Էյչ-Էս-Բի-Սիի Կորպորատիվ կայունության ռազմավարության շրջանակներում: Տվյալ ծրագիրը ուղղված է շրջակա միջավայրի պահպանմանը, նաեւ նպատակ է հետապնդում հզորացնել գյուղական վայրերում ապրող կանանց նոր հմտություններով ու կարողություններով` արտադրելու վերաօգտագործվող
տոպրակներ, որոնք գործընկեր կազմակերպությունները համարում են լավագույն այլընտրանքը` ներկայիս շուկայում առկա պոլիէթիլենային, թղթե եւ այլ տոպրակներին: Ծրագրի մասնակիցն է նաեւ ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը, որը առանց որեւէ շահ հետապնդելու համագործակցելու է ծրագրի կազմակերպիչների հետ:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի ղեկավար Կարո Արմենի խոսքերով, տվյալ համագործակցությունը` հասարակական կազմակերպություն-բանկ չի հետապնդում ֆինանսական շահեր եւ ուղղված է ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ ծրագրերի իրականացմանը: «Երկարաժամկետ ժամանակաշրջանում մեր գործունեությունը ուղղված կլինի բնության պահպանմանը: Կարճաժամկետ ժամանակահատվածում մենք կկարողանանք ապահովել գյուղական վայրերում ապրող կանանց զբաղվածությունը», - ասել է նա Երեւանում կայացած մամլո ասուլիսում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 36.000 դոլար, որոնցից 11.000 կտրամադրի Հայաստանի մանուկներ հիմնադրամը: Ծրագիրը մեկնարկում է Արմավիր մարզում եւ տեւական կլինի: Ծրագրի իրականացման համար կստեղծվի կոոպերատիվ, որտեղ կկարվեն տոպրակներ կտորից: