5 դեկտեմբերի 2009 - 16:50 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Հայ-թուրքական մերձեցման գործընթացում որոշ սխալներ են բաց թողնվել
«Հայ-թուրքական մերձեցման գործընթացում, իհարկե, որոշ սխալներ են բաց թողնվել: Օրինակ, եթե Արձանագրությունների տեքստն անփույթ կերպով գրված չլիներ, վավերացման գործընթացը կարող էր այլ կերպ ընթանալ, ինչը նման բուռն արձագանք չէր առաջացնի հայ հասարակայնության շրջանում»,- այսօր Երեւանում նշեց քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոպյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Իսկանդարյանի խոսքով, այդ գործընթացի յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրա մեջ միայն Անկարան ու Երեւանը չեն ներգրավված, քանի որ առանց իրերի ներկայիս արտաքին քաղաքական դրության հայ-թուրքական մերձեցման գործընթացն անհնար կլիներ սկսել: «Ես նկատի ունեմ Քրդստանի, Իրաքի հիմնախնդիրը, վրացա-օսական պատերազմն ու շատ այլ գործոններ, որոնք նպաստել են հայ-թուրքական մերձեցման գործընթացի մեկնարկին»,- նկատեց քաղաքագետը:

Հարություն Մեսրոպյանը, խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին, ըստ որի «սխալներ չեն անում նրանք, ովքեր ոչինչ չեն նախաձեռնում», նշեց, որ նման արտահայտությունը տվյալ դեպքում անընդունելի է: «Երկրի ղեկավարը, օգտագործելով նման ձեւակերպում, ձգտում է հայ-թուրքական մերձեցման գործընթացում ֆիասկոյի դեպքում խուսափել պատասխանատվությունից»,- ընդգծեց փորձագետը: