5 դեկտեմբերի 2009 - 16:54 AMT
Թուրքիայում կարող են արգելել քրդամետ կուսակցությունը
Հաջորդ շաբաթ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կսկսի քրդամետ Դեմոկրատական հասարակության Կուսակցության (CDP) փակման մասին գործի լսումները: Մեղադրող կողմը պահանջում է արգելել կուսակցությունն այն պատճառով, որ կուսակցությունը «կենտրոնացել է մի գործունեության վրա, որը կարող է հանգեցնել պետության պառակտմանը»: Դատախազները պնդում են, որ CDP կապեր է ունեցել օրենքից դուրս հայտարարված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) հետ եւ խախտել է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը: Մեղադրող կողմը պահանջում է նաեւ կուսակցության մոտ 220 անդամներին` ներառյալ կուսակցական ղեկավարությանը, արգելել քաղաքական գործունեությամբ զբաղվել:

Թուրքական օրենսդրության համաձայն, կուսակցությունը փակելու համար բավական է 11 դատավորներից 7-ի համաձայնությունը, գրում է Hurriyet Daily Newsը:

CDP համակրում է PKK ահաբեկիչներին եւ թուրքական իշխանություններին կոչ է անում ոչ թուրքական ազգերի մշակութային իրավունքների ընդլայնման վերաբերյալ «Քրդական նախաձեռնության» իրականացման շրջանակներում երկխոսություն հաստատել ահաբեկչական կազմակերպության հետ: CDP հրաժարվում է նաեւ PKK-ին ահաբեկչական կազմակերպություն ճանաչել; իշխանությունների ուշադրությանը հաճախ է արժանացել կուսակցության նախկին առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հղված գովասանքների առիթով: