5 դեկտեմբերի 2009 - 17:21 AMT
Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումները շատ հարցերում նման են
Արաբական Միացյալ Էմիրությունները աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին ասաց ԱՄԷ ԱԳ պետնախարար Անվար Գարգաշը :

«Հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում ես արտահայտել եմ մեր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մենք գիտենք, որ այս գործընթացը բավականին բարդ է` պատմական իրադարձությունների պատճառով, սակայն մենք ձեզ հաջողություն ենք ցանկանում այդ հարցում», - ասաց ԱՄԷ ԱԳ ղեկավարը:

Լեռնային Ղարաբաղի հարցին անդրադառնալով, Անվար Գարգաշն ասաց, որ Աբու Դաբին միջազգային իրավունքի շրջանակներում աջակցում է այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԱՄԷ ԱԳ պետնախարարը հայտնեց, որ բանակցություններում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: «Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեր կարծիքները շատ հարցերում միանման են», - ասաց Ա. Գարգաշը:

Հայաստանի արտգործնախարարն, իր հերթին, ընդգծեց, որ արաբական կողմի հետ բանակցելիս, շոշափել են նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին հարցեր: