8 դեկտեմբերի 2009 - 13:14 AMT
Պետերբուրգի կարի արտադրամասերի ձեռնարկատերերի միությունը շահագրգռված է համագործակցել հայ գործարարների հետ
Պետերբուրգի կարի արտադրամասերի ձեռնարկատերերի միությունը շահագրգիռ է համագործակցել հայ գործարարների հետ ինչպես համատեղ արտադրության ոլորտում, այնպես էլ արտահանման եւ ներմուծման ոլորտներում: Այդ մասին դեկտեմբերի 8-ին Երեւանում լրագրողներին է ասել Կարի արտադրամասերի միության փոխնախագահ Վալենտինա Միրոնովան: «Ցանկալի կլիներ տեսնել, թե ինչ հեռանկարներ կան մեր բիզնեսի համար Հայաստանում կամ Հայաստանում մեր ապրանքի իրացման համար»,-ասել է նա: Ըստ նրա, Միությունը արտադրում է ապրանքի լայն տեսականի, սակայն որեւէ պայմանավորվածություն այդ ոլորտում հայ գործընկերների հետ դեռեւս չկա: Ընդ որում, Միության փոխնախագահը հույս է հայտնել, որ այսօրվանից սկսած այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք կտարվի:

Դեկտեմբերի 8-ին Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողովը, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ներուժը, մասնավորապես, համագործակցությունը Սանքտ Պետերբուրգի հետ: Ռուսական պատվիրակության կազմում են մանվածքային արդյունաբերության, կարի, դեղագործության, տրանսպորտի, վերամշակող արդյունաբերության ներկայացուցիչներ:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: