9 դեկտեմբերի 2009 - 17:53 AMT
«Սիրահարների այգում» տեղի ունեցավ «Արմենուհի» խեցեգործ քանդակի հանդիսավոր բացումը
Դեկտեմբերի 9-ին Երեւանի «Սիրահարների այգում» տեղի ունեցավ «Արմենուհի» խեցեգործ քանդակի հանդիսավոր բացումը, որի հեղինակն է Հռիփսիմե Սիմոնյանը: Մեկ մետր բարձրություն ունեցող քանդակը ցուցադրվել էր մեկ անգամ, իսկ այսուհետեւ մշտապես նպաստելու է «Սիրահարների այգի» այցելողների գեղագիտական ընկալումների զարգացմանը: Այգում «Արմենուհի» քանդակի կողքին դրվելու են նաեւ այլ քանդակներ:

Քանդակի բացմանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքի անդամներն ու աշակերտները:

«Արմենուհի» քանդակը կանգնեցվել է Bogossian Gardens հիմնադրամի ֆինանսավորման եւ Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքի անդամների նվիրատվության շնորհիվ:

Հռիփսիմե Սիմոնյանը ծնվել է 1916 թ., Կարսում (Թուրքիա): 1945 թ. ավարտել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիան: 1943-ից մասնակցել է հանրապետական, միութենական եւ միջազգային ցուցահանդեսների, արժանացել է բազմաթիվ շքանշանների եւ դիպլոմների: 1956-ից Հռիփսիմե Սիմոնյանը Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է խեցեգործություն, արժանացել է պրոֆեսորի կոչման: Հայկական արվեստում նա իր ուրույն տեղն ունի, նրա անվան հետ է կապվում Հայաստանում ժամանակակից դեկորատիվ արվեստի զարգացումը, նրան է պատկանում Հայաստանում պրոֆեսիոնալ խեցեգործության վերածննդի նախաձեռնությունը: Հայաստանի ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հռիփսիմե Սիմոնյանը մահացել է 1998 թ.: