9 դեկտեմբերի 2009 - 19:00 AMT
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ 2010թ. սկզբին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը կարող է կայանալ 2010թ. սկզբին, հաղորդում է Trend-ը` հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովին:

«Նախքան Նոր տարին չափազանց քիչ ժամանակ է մնացել, կարծում եմ` մենք չենք հասցնի մինչեւ դեկտեմբերի վերջը նախապատրաստել նախագահների հանդիպումը»,- նշեց Յուրի Մերզլյակովը: Նա հաղորդեց նաեւ, որ ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընթացիկ շաբաթվա ընթացքում կայցելեն Ադրբեջան ու Հայաստան:

«Հանդիպումների ընթացքում կողմերի հետ կշարունակվեն Մադրիդյան սկզբունքների նորացված խմբագրության շուրջ քննարկումները»,- ասաց Մերզլյակովը:

Ալիեւի եւ Սարգսյանի վերջին հանդիպումը, որի արդյունքները երկու կողմերը դրական գնահատեցին, կայացավ նոյեմբերի 22-ին Մյունխենում: