9 դեկտեմբերի 2009 - 20:27 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի ընթացքում կգնան միայն Ադրբեջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած իրենց այս այցի ընթացքում, որով հանդես են գալու որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ, կլինեն միայն Ադրբեջանում:

Միջնորդները Բաքու կայցելեն շաբաթվա վերջում: Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրչիկի անձնական ներկայացուցիչը կհանդիպեն նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որոնց հետ բանակցություններ կանցկացնեն հակամարտության կարգավորման վերաբերյալ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Միջնորդները չեն այցելի Հայաստան, քանի որ այդ ընթացքւոմ Հայաստանի ղեկավարությունը երկրից բացակայելու է: Համանախագահները Երեւան կայցելեն ավելի ուշ:

Այցի ընթացքում միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկություն կներկայացնեն նոր հանդիպում կազմակերպելու մասին: