10 դեկտեմբերի 2009 - 12:18 AMT
Ֆիլիպ Գորդոն. Ղարաբաղյան հակամարտությունը կարեւոր է անկախ որեւէ այլ հարցերի
Ղարաբաղյան հակամարտությունը կարեւոր է անկախ որեւէ այլ հարցերի: Այդ մասին ԱՄՆ-ի արտաքին կապերի խորհրդում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:

Խոսելով հակամարտության մասին, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «ակտիվ հետաքրքրվում է Ղարաբաղյան գործընթացով եւ ակտիվ մասնակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքին»:

«Այդ հարցը կարեւոր է ոչ թե այն պատճառով, որ մենք դիտարկում ենք հակամարտության լուծումը , որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղի, այլ այն պատճառով, որ դա կարող է մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հարցում», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն սատարում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

«Մենք կցանկանայինք, որ երկու երկրների խորհրդարանները վավերացնեին Արձանագրությունները: Մենք կարծում ենք, որ դա բխում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի շահերից, եւ դա կօգնի տարածաշրջանում հաստատել խաղաղություն եւ կայունություն», - ասել է գորդոնը:

Նա նաեւ ընդգծել է, որ եթե երկու գործընթացները` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը խաղաղ ավարտվեն, ապա դա պատմական իրադարձություն կդառնա տարածաշրջանի համար, հաղորդում է Trend-ը: