10 դեկտեմբերի 2009 - 13:32 AMT
Հայաստանի նորագույն պատմության մեջ 2009 թվականը ամենածանրն էր տնտեսական առումով
Տարին մոտենում է ավարտին եւ արդեն ժամանակն է ամփոփել արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի նորագույն պատմության մեջ 2009 թվականը ամենածանրն էր երկրի համար տնտեսական առումով: Դեկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, նման անկում գրանցվել էր 1992թ., երբ Հայաստանը շրջափակման մեջ էր:

Ասատրյանը կոչ է արել Հայաստանի կառավարությանն ուշքի գալ եւ չընթանալ այն ճանապարհով, որով նա գնում է արդեն մի քանի տարի, «իսկ 2009-ին երկրին պակասում էր օրինականությունն ու արդարացիությունը»: «Սա մեր ներքին ճգնաժամն է, մեր պետական քաղաքականության արդյունքը, քանի որ համաշխարհային ճգնաժամը չէր կարող նման ազդեցություն ունենալ Հայաստանի վրա»,-ասել է նա:

Բացի այդ, ՀՀ ԿԲ նախկին նախագահը ընդգծել է խորհրդարանի ոչ համարժեք գործունեությունը, որը պատշաճ կերպով չանդրադարձավ 2010 թվականի բյուջեի նախագծին, քանի որ նրա հիմնական հոդվածները գործնականում մնացին նույնն, ինչ 2009 թվականին: