10 դեկտեմբերի 2009 - 15:48 AMT
Հայաստանն ու Լատվիան երկկողմ համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր ստորագրեցին
Հայաստանի ու Լատվիայի կառավարությունները մի շարք փաստաթղթեր ստորագրեցին օդային հաղորդակցությունների, տնտեսական ու գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության մասին, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, եւ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում համագործակցության մասին:

Փաստաթղթերի ստորագրման արարողությանը հաջորդեց Հայաստանի ու Լատվիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի համատեղ մամլո ասուլիսը:

«Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Լատվիայի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը: Մեր ժողովուրդների միջեւ ջերմ բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել: Այսօր մենք հնարավորություն ունեցանք փոխըմբռնման մթնոլորտում քննարկել մեր հարաբերությունների ներկայիս դրությունն ու զարգացման հեռանկարները»,- ընդգծեց ՀՀ ղեկավարը: Նա ավելացրեց, որ Երեւանի ու Ռիգայի միջեւ ստորագրված համաձայնագրերը լավ խթան կդառնան երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար: