11 դեկտեմբերի 2009 - 20:23 AMT
Հայաստանի երիտասարդությունը պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանին
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւեր հանդես եկան պատերազմի վերսկսման մասին ադրբեջանական ղեկավարության հայտարարությունների դատապարտմամբ:

«Մենք գտնում ենք, որ խաղաղությունը մարդկային պատմության կարեւորագույն առժեքներից է համաշխարհային հանրության, առավելեւս մեր տարածաշրջանի համար: Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի` պատմությունից դասեր չքաղած եւ պատերազմը վերսկսելուն ուղղված հոխորտանքները պարսավելի են անգամ այն դեպքում, եթե դրանք ունեն բացառապես քարոզչական նպատակներ: Իսկ եթե այսպիսով հող է նախապատրաստվում ռազմական գործողությունները վերսկսելու համար, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու նախեւառաջ երիտասարդությունը պատվով կընդունեն այս մարտահրավերը եւ հերթական անգամ զենքը ձեռքին կպաշտպանեն արցախցու` իր հայրենիքում ԱԶԱՏ ապրելու իրավունքը, ինչպես նաեւ արժանի հակահարված տալով ագրեսորին` կպատժեն նրան իր պատեհապաշտ գործողությունների համար` պարտադրելով նրան խաղաղություն, չբացառելով ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը: Մենք վստահենք, որ պետականությանը սպառնացող վտանգը կմիավորի Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիներին` անկախ նրանց սոցիալական դիրքից եւ քաղաքական հայացքներից: Որպես արտաքին սպառնալիքին հանդիման նման միասնության օրինակ, մենք` քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող երիտասարդ քաղաքացիներս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում հայրենիքին սպառնացող վտանգի առարկայացման դեպքում մի կողմ թողնել բոլոր քաղաքական տարաձայնությունները եւ միասնաբար մարտնչել մինչեւ հաղթանակ:
Այդ հայտարարությունը ստորագրվել է այսօր` 2009թ. դեկտեմբերի 11-ին, Եռաբլուր հուշահամալիրում: Այն բաց է միանալ ցանկացող ՀՀ բոլոր երիտասարդական, ուսանողական, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների համար: