12 դեկտեմբերի 2009 - 17:29 AMT
Արթուր Բաղդասարյան. Հայաստանի վարկանիշը որակական նոր մակարդակի է բարձրացել
«Հայաստանի քաղաքական դաշտում «Օրինաց Երկիրն» իր որոշակի ամուր տեղն ունի եւ միշտ հանդես է գալիս նոր գաղափարներով»,- դեկտեմբերի 12-ին «Օրինաց Երկիր» կուսակցության 9-րդ համագումարում հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ընդգծեց, որ «Օրինաց Երկիրը» միշտ պայքարելու է այն բարեփոխումների համար, որոնց սպասում է հայ հասարակությունը: «Մենք հետեւողական ենք լինելու մեր տված նախընտրական խոստումների կատարման գործում: Մենք գտնում ենք, որ բարեփոխումները մեր երկրի համար առաջնահերթ են, եւ եթե ցանկանում ենք փոխել մեր հասարակությունը, պետք է մեզնից սկսենք»,- նշեց նա:

Արթուր Բաղդասարյանը նկատեց նաեւ, որ այժմ Հայաստանի վարկանիշը նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ որակական նոր մակարդակի է բարձրացել:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին` Բաղդասարյանը նշեց, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը կարեւոր նշանակություն է տալիս հարեւան երկրների հետ ՀՀ հարաբերությունների կարգավորմանը: «Եւ այդ ենթատեքստում մենք ամբողջությամբ օժանդակում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը: Հայ-թուրքական մերձեցման գործում մենք պետք է ազատվենք վախի բարդույթից, քանի որ մենք հաղթող ժողովուրդ ենք, ինչը եւ ապացուցել ենք արցախյան պատերազմում»,- ընդգծեց «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսական դրությանը, Բաղդասարյանը նշեց, որ չնայած ներկայիս անկմանը, 2010-ին ՀՀ տնտեսությունը կկայունանա: «Այդ գործում իրենց դրական ազդեցությունը կունենան այնպիսի մեծ տնտեսական ծրագրեր, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթուղու, Իրան-Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի ու ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի կառուցումը»,- պարզաբանեց Բաղդասարյանը: