14 դեկտեմբերի 2009 - 15:27 AMT
Անկարային չհաջողվեց շաղկապել հայ-թուրքական երկխոսությունը ղարաբաղյան կարգավորման հետ
Մինչ այժմ Թուրքիային չի հաջողվել շաղկապել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կարգավորման հետ: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

«Մինչ օրս չի ստորագրվել որեւէ փաստաթուղթ, որը զիջումներ կպահանջի հայկական կողմից Ղարաբաղի հարցում, չի ստորագրվել: Հակամարտության կարգավորման միջնորդները եւս չեն խոսում շուտափույթ կարգավորման մասին»,-ասել է Բեքարյանը: Այնուամենայնիվ, փորձագետը կանխատեսում է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի տեմպերի արագացում:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպման արդյունքներին եւ մեկնաբանելով Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին,թե «Հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական ուժերը չեն լքել ԼՂՀ տարածքը»` փորձագետը նշել է, որ պետք չէր որեւէ արձագանք ակնկալել Բարաք Օբամայից: Ըստ նրա, ԱՄՆ-ն շահագրգիռ է հակամարտության հանգուցալուծման գործում եւ միջոցներ կձեռնարկի կարգավորման արագացման ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ Բեքարյանը նշել է, որ երկու` ղարաբաղյան եւ հայ-թուրքական գործընթացների զուգահեռ արագացումը կարող է վտանգավոր լինել: «Հետեւյալ խնդիրը կա` Հայաստանի հանրությունը պետք է հասցնի «մարսել» գործընթացներից մեկը»,-ասել է Կ.Բեքարյանը:

Մեկնաբանելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանային իր հերթական այցի ժամանակ չեղավ Երեւանում, փորձագետը հայտարարել է, որ այդպիսով միջնորդները ազդանշան են տալիս Բաքվին` չխանգարել հայ-թուրքական երկխոսությանը: