14 դեկտեմբերի 2009 - 18:12 AMT
Հայաստան տանող գազամուղն ականազերծված է
Լուծվում է Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսեթիայի եւ Հայաստանի գազամատակարարման վերականգնման հարցը:
Սակրավորներն ականազերծել են Ռուսաստանից Հայաստան գնացող գազամուղի ինգուշական հատվածը: Լուծվում է Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսեթիայի եւ Հայաստանի գազամատակարարման վերականգնման հարցը:
Պայթուցիկ սարքերը հայտնաբերվել են կիրակի օրը ինգուշական Աչալուկի գյուղի շրջանում Հյուսիսային Օսեթիայի հետ վարչական սահմանի հարեւանությամբ: Սարքերը պատրաստվել են նռնակների հիման վրա:

Մոզդոկ-Թբիլիսի հիմնական գազամուղը մատակարարում է Հայաստանը, անցնելով Վրաստանի տարածքով, սակայն Վրաստանն ինքը գազ չի գնում Ռուսաստանից:

Կիրակի երեկոյան «Գազպրոմը» հաստատեց, որ պայթյունի սպառնալիքի կապակցությամբ «մի շարք գազատրանսպորտային օբյեկտների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է», հաղորդում է BBC-ին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, գազի առաքման հետ կապված իրավիճակը դեռ պարզ չէ: Այս պահի դրությամբ ռուսական գազը երկիր մուտք չի գործում: Ինչպես հավաստիացրել է ընկերության մամլո քարտուղարը, Աբովյանի գազապահեստարանի պաշարները բավարար են բնակչության անխափան մատակարարման համար: