15 դեկտեմբերի 2009 - 14:50 AMT
ՀԱՊԿ-ն հանդես է գալիս Աֆղանստանի խնդիրների համատեղ լուծման օգտին
Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել այն բարդ խնդիրների լուծմանը, որոնք այժմ առկա են Աֆղանստանում: Այդ մասին Երեւան-Մոսկվա «ՀԱՊԿ` գործունեության արդյունքները 2009թ. երկրորդ կիսամյակում եւ 2010 թվականի հեռանկարները» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ըստ նրա, Աֆղանստանում ՀԱՊԿ-ն կարող է աշխատել մի շարք ուղղություններով: «Առաջին ուղղությունն աֆղանական թմրանյութերի շրջանառության դեմ պայքարն է: Երկրորդը` Աֆղանստանի ուժային կառույցների ձեւավորումն է: Երրորդը` կադրերի նախապատրաստումն է ու այդ երկրի տնտեսական հարցերի լուծումը: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել սահմանային համագործակցություն Աֆղանստանի հետ սահմանակից երկրների հետ` ապահովելով նաեւ բեռների տարանցումը ՀԱՊԿ անդամ երկրների տարածքով»,-ասել է Ն.Բորդյուժան:

Ինչպես նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, բոլոր նշված ուղղություններում ՀԱՊԿ-ն կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, քանի որ այդ փոխազդեցությունը բխում է երկու կազմակերպությունների շահերից: