16 դեկտեմբերի 2009 - 13:22 AMT
Աշխատանքն է սկսել Microsoft ընկերության կազմակերպած «Ինովացիոն ուսուցիչներ» առաջին հայկական համաժողովը
Միջնակարգ դպրոցներում կրթական գործընթացն առավել հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու նպատակով, Microsoft ընկերությունն առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց «Ինովացիոն ուսուցիչներ» համաժողովը, որը տեղի ունեցավ Երեւանում դեկտեմբերի 16-ին:

Համաժողովն անցնում է Microsoft-ի «Գործընկերությունը կրթության մեջ» կրթական նախաձեռնության շրջանակներում, որը սկսվել է իրագործվել Հայաստանում 2008 թվականի հոկտեմբերից, երբ համաձայնագիր ստորագրվեց կորպորացիայի եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության միջեւ:

Հայաստանում «Գործընկերությունը կրթության մեջ» ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը պատմել է, որ այդ միջոցառման անցկացման մասին հայտարարվել էր դեռեւս հոկտեմբերին, եւ ուսուցիչները հետաքրքրված են համաժողովին մասնակցելու հնարավորությամբ` հայտեր են ստացվել ոչ միայն Երեւանից, այլ նաեւ մարզերից: Նա ընդգծել է, որ ուսուցիչների ձգտումը տարբեր նորարարություններ կիրառել կրթական գործընթացում չի կարող չուրախացնել:

Այսօրվա համաժողովի ընթացքում հայ ուսուցիչների կողմից ներկայացված 19 նորարարական նախագծերից ժյուրին կընտրի հաղթողներին, որոնց հեղինակները հնարավորություն կստանան մասնակցելու նորարար-ուսուցիչների համաշխարհային մրցույթին: